15/11/2023 21:35
Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում․ «Հետք»
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։
Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողամասի սեփականատերը Հուսիկ Բաղդասարյանն է։ Տարածքում ձկնաբուծական տնտեսություն է գործել, որը երկար տարիներ նպատակային նշանակությամբ չի օգտագործվել։ 2022 թ.-ին 64 հա հողատարածքը վարձակալության իրավունքով գրանցվել է «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ։
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը 2022 թ.-ի հունիսին ստեղծել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը։ ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը պատկանում են նրան։
Ռանչպար գյուղ այցելության ժամանակ «Հետք»-ն արձանագրել է, որ ավազի արդյունահանում է կատարվում։ Ավազով բեռնված բեռնատարներ էին դուրս գալիս հանքավայրից։ Տարածքում աշխատում էին ավազ տեսակավորող տեխնիկա և ամբարձիչներ։ Սարքավորումների էլեկտրական սնուցման համար տարածքում ենթակայան էր տեղադրված։
Հանքարդյունահանում սկսելուց առաջ այն նախաձեռնողը պարտավոր է հանքերևակման համար դիմել Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ՇՄԱԳ փորձաքննություն անցնի։ Դրանից հետո համայնքում պետք է հանրային լսումներ անցկացվեն։ Հանքի պաշարների ուսումնասիրությունից հետո ևս մեկ ՇՄԱԳ փորձաքննություն պետք է իրականացվի, որի դրական եզրակացությունից հետո շահագործողը ստանում է արդյունահանման թույլտվություն (ընդերքօգտագործման իրավունք)։
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ ՇՄԱԳ փորձաքննության ո՛չ նախագիծ կա, ո՛չ էլ՝ եզրակացություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում է հանքարդյունահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում «Արարակ» ՍՊԸ-ի մասին հիշատակում չկա։ Ի դեպ, ՊԵԿ-ը հայտնաբերել է, որ «Արարակ» ՍՊԸ-ն առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրս գրելու ապրանքներ է տեղափոխել։
Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավար Վահան Վարդանյանից լրատվամիջոցը փորձել է պարզել՝ ինչպե՞ս է իրենց համայնքի տարածքում ավազի հանք գործում՝ առանց ՇՄԱԳ փորձաքննությունների և ընդերքօգտագործման իրավունքի։ Վարչական ղեկավարն ասաց, որ բնակավայրում հանրային լսումներ չեն իրականացվել, հանքարդյունահանման թույլտվություն չկա, իսկ եթե ավազ են արդյունահանել, ապա՝ ընդամենը մի քանի մեքենայով։
Վարչական ղեկավարը հավաստիացրեց, որ ավազի արդյունահանման վերաբերյալ մի քանի անգամ արձանագրություն է կազմվել, ներկայացվել Մասիսի համայնքապետարան։
Հարցին՝ չգիտի՞, որ հանքը պատկանում է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավարը պատասխանեց, որ խոսակցություններ լսել է, որ ի թիվս այլ անձանց՝ նաև պատգամավորին է պատկանում հանքը։
Պարզաբանումներ ստանալու նպատակով լրատվամիջոցը դիմել է Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանին՝ խնդրելով պատասխանել երկու հարցի.
Ինչո՞ւ է Ձեր ընտանիքի անդամին պատկանող ընկերությունն առանց ՇՄԱԳ փորձաքննությունների եւ հանքարդյունահանման թույլտվության ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվում։
Ինչո՞ւ Դուք և Ձեր ընտանիքի անդամը «Արարակ» ՍՊԸ-ի բաժնետեր լինելու մասին տվյալը չեք լրացրել ունեցվածքի և եկամուտների 2022 թ.-ի հայտարարագրերում։
Սերգեյ Բագրատյանը, ի պատասխան, գրավոր առաջարկել է ավազի արդյունահանման վերաբերյալ հարցերն ուղղել կնոջը պատկանող ընկերության տնօրինությանը։ Իսկ ընկերության բաժնետոմսերը չհայտարարագրելու մասին հարցին ի պատասխան՝ պատգամավորը հայտնել է, թե այդ տվյալը պետք է հայտարարագրվի 2023 թ.-ի հայտարարագրում։ Այնինչ «Արարակ» ՍՊԸ-ն պատգամավորի կինը հիմնադրել է 2022 թ.-ի հուլիս ամսին և պարտավոր էր 2022 թ.-ի հայտարարագրում այս մասին նշել, ինչը չի արել։
Հ․Գ․ «Հետքն» առաջիկայում կփորձի պարզել այն ընկերությունների ցանկը, որոնց Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերությունը մատակարարել է ապօրինի արդյունահանված ավազը։