15/11/2023 23:41
Խոր աշնան թրենդերը 2023-ին. ի՞նչ կարելի է տեսնել Երևանի փողոցներում, պատասխանում է ոճաբանը
Աշուն-ձմեռ սեզոնին շատերիս զգեստապահարանում խառնաշփոթ է տիրում. ի՞նչ գույներ համադրել, ի՞նչ կրել, որ լինի և՛ եղանակին համապատասխան, և՛ ժամանակակից ու տարբերվող։
Այս հարցերի պատասխանները փնտրելիս Aysor.am-ը զրուցել է ոճաբան Աննա Գրիգորյանի հետ՝ առանձնացնելու խոր աշնան հիմնական թրենդերը։
- Որո՞նք են աշնանային բազային հագուստները։
- Բազային հագուստներ կան գրեթե բոլորի զգեստապահարաններում, սակայն պետք է հաշվի առնել, որ բազային հագուստները չպետք է լինեն ձանձրալի: Շատ դեպքերում գույների համադրությունը ևս հետաքրիր տեսք կարող է տալ ձեր «լուքին»:
Այս տարի թրենդային են oversize պիջակները: Սրա հետ մեկտեղ կարող եք զգեստապահարանում ավելացնել սպիտակ վերնաշապիկ, սակայն ավելի լայն և երկար տարբերակ:
Թրենդային են նաև երկարաթև վերնաշապիկները՝ սև և սպիտակ գծերով, մուգ գույնի ուղիղ իջնող կամ oversize ջինսերը, լայն տաբատները, տրենչ coat-երը, սվիտեր-զգեստերը, միջին կարճության կիսաշրջազգեստները, գործած կարդիգանները և սվիտերները:
- Ինչի՞ վրա պետք է շեշտը դնել՝ աշնանային «լուք»ընտրելիս։
- Աշնանային «լուք» ընտրելիս շեշտը պետք է դնել տվյալ տարվա թրենդերի և գույների վրա: Ցանկալի է կրել թրենդային, սակայն ձեր մարմնին համապատասխան հագուստ: Առանձնացրել եմ հագուստներ, որոնցից շատերը must-have շարքից են, և իրենց ուրույն տեղը կգտնեն ձեր զգեստապահարանում:
- Ի՞նչ սխալներ են թույլ տալիս հայ աղջիկները՝ աշնանային զգեստապահարանը կազմելիս։
- Նախ ուզում եմ ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին հայ աղջիկները հետևում են նորաձևությանը և թրենդերին: Ամենատարածված սխալները կտորների ընտրություններն են: Համադրությունը, միգուցե, մասնագիտական տեսանկյունից ճիշտ է արված, բայց կան կտորներ, որոնց համադրության դեպքում «լուքը» ավելի էժանագին է թվում, քան կա իրականում: Շատ աղջիկների մոտ բացակայում են աքսեսուարները, որոնք, ի դեպ, լրացնում և արդիականացնում են «լուքը»։
- Ո՞ր գույներն են թրենդային տարվա այս սեզոնին։
- Աշուն-ձմեռ 2023-ի գույներն են՝ կարմիրը, մոխրագույնը, դեղինի բոլոր երանգները, սևը, bubblegum վարդագույնը, ճերմակը. սպիտակը չէ, այլ հենց ճերմակը, խոսքս հարսանեկան ճերմակի մասին է:
- Ի՞նչ աքսեսուարների վրա պետք է շեշտը դնել՝ «լուքն» ամբողջացնելու համար։
- Այս տարի միջազգայնորեն հայտնի դիզայներներն իրենց աշուն-ձմեռ հավաքածուների մեջ ներառել են ծածկոցատիպ շարֆեր: Սրանք, իմ կարծիքով, կլինեն այս տարվա ամենաթրենդային աքսեսուարներից մեկը:
Նշեմ որ, աքսեսուարները բավականին կարևոր դեր են կատարում և «համ ու հոտ» են տալիս ձեր զգեստապահարանին: Դուք կարող եք նույն հագուստը տարբեր աքսեսուարներով կրել և տպավորություն կստեղծվի, որ ամբողջովին այլ հագուստ եք կրում: Սրանք կարևոր ոճային «բանալիներ» են, որոնք բալանսի են բերում ձեր «լուքը»:
«Լուքն» ամբողջացնելու համար խորհուրդ կտամ օգտագործել ականջօղեր, գոտի, ճիշտ ընտրված պայուսակ, գլխարկ և շարֆ՝ ըստ ցանկության։
Օրինակ, business casual «լուքը» ամբողջացնելու և նույնիսկ հետաքրքիր նկարներ ստանալու համար կարող եք գնել սուրճ (to go) և բաժակը օգտագործել որպես աքսեսուար՝ գեղեցիկ նկարներ ստանալու համար:
- Ձեր խորհուրդն աղջիկներին՝ նույնիսկ տարվա մռայլ եղանակին ոճային ու գեղեցիկ լինելու համար։
- Չեմ զլանա նորից նշել, որ հայ աղջիկները բավականին լավ են սկսել իրենց «զգալ» հագուստի մեջ: Խորհուրդ եմ տալիս պահել որոշ ոճաբանական կանոններ՝ համադրելով իրենց էությանը համապատասխան հագուստ, չմոռանալով աքսեսուարների մասին, չէ՞ որ հագուստը ինքնաարտահայտման միջոց է և գեղեցիկ համադրություն ստանալու դեպքում օրդ կարող ես համարել ստացված:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ