15/11/2023 16:10
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը կոչ է անում ազատ արձակել Վիգեն Էուլջեքյանին և մյուս գերիներին
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Ադրբեջանից ազատ արձակել գերության մեջ պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։
Կազմակերպությունը X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. «2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը առևանգել է լիբանանահայ Վիկեն Էուլջեքյանին, երբ նա ճանապարհորդում էր Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։
2021 թվականի հունիսին՝ կեղծ դատավարությամբ, որտեղ նա իրավունք չուներ օգտվելու փաստաբանից, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այժմ Բաքվի բանտում նրա առողջական վիճակը լրջորեն վատացել է։
Արևելքի հրապարակած հոդվածում Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեկյանը ասել է. «Վիգենի կյանքը թելից է կախված»։
«Ըստ Լինդայի՝ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է մոր մահվան լուրը լսելուց հետո։ Վիգենի հետ նրա հազվադեպ շփումներում պարզ է դարձել, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, և անհրաժեշտ է նրան ազատել Բաքվի բանտից՝ հնարավորինս շուտ», - գրել է կազմակերպությունը՝ պահանջելով՝ ազատություն Վիգենին, հայ ռազմագերիներին և ԼՂ պատանդներին։