15/11/2023 19:03
Արագած Ախոյանին կալանավորել են 4 ամիս առաջ նախաձեռնած վարույթով, գործով էլ տուժածներ չկան․ Փաստաբանը բողոք է ներկայացրել
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է 4 ամիս առաջ նախաձեռնված վարույթով, News.am-ի հետ զրույցում ասել է Ախոյանի փաստաբան Գոռ Վարդանյանը։
«2023 թվականի հունիսի 8-ին «Արագած Ախոյան» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արվել, դրանից հետո հուլիսի 31-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Անցել է որոշակի ժամկետ, 2023-ի հոկտեմբերի 10-ին Ախոյանին վկա-կասկածյալ կարգավիճակով հրավիրել են հարցաքննության, նա ցուցմունք չի տվել, մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին նրան ձերբակալել են և մեղադրանք առաջադրել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար և տարել դատարան՝ կալանք կիրառելու համար, դատարանը մասնակի բավարարել է և մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ախոյանը նախաքննության ընթացքում դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք չի տվել»,- ասել է Գոռ Վարդանյանը։
Փաստաբանը պատմել է, որ վարույթի վերաբերյալ կան մի շարք հարցեր, որոնց առնչությամբ սպառիչ պատասխաններ վարույթն իրականացնող մարմինը չի տվել․ «Մենք դատարանում բարձրացրել ենք մի շարք հարցեր, օրինակ՝ ինչո՞ւ որոշվեց հենց նոյեմբերի 6-ին ձերբակալել ու կալանավորել, վարույթում միայն հղում է արվել և «սքրինշոթ» արվել, թե Արագած Ախոյանն է հենց գրել, արդյոք տեղեկատվություն կա՞, որ հիշյալ ֆեյսբուքյան էջը շահագործել է իմ պաշտպանյալը, ունե՞ք IP հասցե․ ոչ մի հարցի որևէ սպառիչ պատասխան չի տրվել։ Գործով տուժող չկա, հարց եմ ուղղել՝ արդյոք հունիսի 8-ից մինչև նոյեմբերի 6-ը որևէ անձ տուժել, բռնության ենթարկվե՞լ է․ կրկին վարույթով չկան նման ապացույցներ»։
Վարդանյանն ասել է, որ դատարանը որպես կալանավորման հիմք է ընդունել այն, որ հիմնավոր կասկածի շեմ հաղթահարված է։
Ախոյանի փաստաբանը դատարանի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել, սակայն դեռևս հայտնի չէ, թե ում է մակագրվել այն։