15/11/2023 20:58
Թուրք զինծառայողների ներկայությունն Ակնայում ձևավորված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում մեկ տարով էլ երկարացվեց
Օկուպացված Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծն ընդունվել է թուրքական մեջլիսում։ Այդ մասին հայտնում է TRT Haber-ը։
Օրինագիծը մեջլիսի քննարկմանը և ընդունմանն էր ներկայացրել Թուրքիաայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Այսպիսով՝ Թուրքիան իր համար «լեգիտիմ» իրավունք ստեղծեց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իր ԶՈՒ ներկայացուցիչների ներկայությունը պահպանելու համար։
Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարին։
Պաշտոնական հաղորդագրությամբ մոնիտորինգի կենտրոնի նպատակ էր ձևակերպվել ու հռչակվել «ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը հետևելը»։