15/11/2023 22:40
«Ռումբը գցեցին, վիրավորվեցի, հիվանդանոցում իմացա՝ հայրս մահացել է, մեր տան բակում հուղարկավորեցին հորս, գյուղում արդեն թուրքեր կային»․ Արցախցի կնոջ պատմությունը
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին, երբ սկսեց հերթական ագրեսիան, կրկին թիրախավորեց օկուպացված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը։ Արևիկ Սահակյանը իր գյուղի բակերից մեկում է եղել, երբ ծանր վիրավորում է ստացել թշնամու արձակած արկից։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա ասել է, որ իր կյանքը փրկելու համար իրեն հասցրել են Ստեփանակերտի հիվանդանոց։
Արևիկն ու իր ընտանիքը բռնի տեղահանվել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղից։
Հիշելով շրջափակման մեջ անցկացրած դժվար օրերը՝ նա ասում է՝ եղել են ընտանիքներ՝ հաց չեն գտել, որ ուտեն․ «Մի կերպ յոլա ենք գնացել»։
2020 թվականին էլ են ստիպված եղել թողնել իրենց տունը։
«Մի կերպ 44 օր դիմացանք։ Ասում էինք՝ շուտ կանգնեցնեն պատերազմը, գնանք մեր տուն։ Այստեղ երկար չէինք կարողանում մնալ, ուզում էինք, որ մեր տուն գնայինք։ Մենք միշտ ուզել ենք մեր գյուղում մնանք, մեր տնից դուրս չգանք։ Հիմա էլ գիտեմ, թե էլի գնալու ենք մեր տուն։ Դեռ հույսներս չի կտրվել»,-ասում է տիկին Արևիկը։
Նա պատմում է, որ սեպտեմբերի 19-ին աշխատանքի է եղել, երբ սկսել են գնդակոծել Արցախը։
«Ցորի զորամասում խոհարար էի աշխատում։ Ճաշերը պատրաստեցինք, մեկ էլ տեսանք՝ արդեն խփում են։ Գործընկերոջս ասացի՝ դուրս գանք, որովհետև այստեղ անպայման են խփելու։ Դուրս եկանք, մի ահագին անցանք, երկու տան արանքում կանգնեցինք, տեսանք՝ ավելի է շատանում դմփդմփոցը։ Տեր Հովհաննեսենց բակում բոմբը գցեցին, վիրավորվեցի։ Բեկորային վիրավորում եմ ստացել, հիմա էլ բեկորն իմ մեջ է, թիակիս տակ է, թոքս ճղել է, 6-րդ կողս կոտրվել է։ Ինձ տարան մեր գյուղի հիվանդանոց, այնտեղ ցավազրկեցին։ Տեսա, որ արդեն վիրավորներ են բերում, իրենց հետ ինձ էլ ուղարկեցին Ստեփանակերտ։ Ռենտգեն արեցին, տեսան, որ վիճակս լավ չի։ Մի քանի օր պառկեցի, բուժումներ ստացա։ Ասացին՝ բոլորը պետք է Արցախից դուրս գան։ Երկու օր մնացինք ճանապարհին։ Ցավազրկող անելով՝ գալիս էինք, վերջին ցավազրկողն էլ ռուսներն արեցին։ Որպես վիրավոր՝ մեզ արագ ճանապարհեցին։ Շատ ծանր օրեր եմ անցկացրել, շա՜տ ծանր։ Ես հիվանդանոցում էի, երբ իմացա, որ հայրս մահացել է։ Հետո ամուսինս, մի կերպ, թե ինչ մեքենայով, գնաց գյուղ, թուրքերն էլ՝ արդեն մտած գյուղ, մեր բակում հորս հուղարկավորեց, եկավ։ Մի կերպ հասցրեց։ Գոնե մի քիչ թեթևացա, որ թուրքերը չվնասեցին հորս»,-պատմում է Արևիկ Սահակյանը։