15/11/2023 18:53
Երբեք չենք հաշտվի Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիայի հետ․ Հունաստանի ԱԳՆ
Հունաստանը երբեք չի հաշտվի Կիպրոսի հյուսիսի՝ թուրքական օկուպացիայի հետ և կշարունակի ջանքեր ներդնել փոխադարձ ընդունելի կարգավորում գտնելու ուղղությամբ, նշված է Հունաստանի ԱԳՆ հայտարարությունում, որը տարածվել է կեղծ պետության՝ չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» անօրինական և միակողմանի հռչակման 40-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այս տխուր տարելիցին Հունաստանն ընդգծում է բոլոր պետությունների կողմից, միջազգային իրավունքին համապատասխան, ՄԱԿ ԱԽ բանաձևերի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը։ Բանաձևերը կոչ են անում բոլոր երկրներին չճանաչել կամ որևէ կերպ չաջակցել Կիպրոսի օկուպացված հատվածում գտնվող անօրինական միավորմանը։ Հունաստանը երբեք չի ճանաչի Թուրքիայի ներխուժման և Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի փաստերը»,- նշված է Հունաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Հունաստանի ԱԳՆ հավելել է նաև, որ իր գործողությունները լիարժեք համակարգելով Կիպրոսի Հանրապետության հետ՝ կշարունակեն ջանքեր ներդնել այնպիսի պայմաններ ստեղծման ուղղությամբ, որոնք կհանգեցնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակում արդար, կայուն, գործառնական և փոխընդունելի լուծում գտնելուն։