15/11/2023 20:11
«Ընդունում ենք ռուսական տեխնոլոգիաների մրցակցային առավելությունը»․ Ղազախստանը հրաժարվել է ատոմակայան կառուցելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներից
Ղազախստանը չի դիտարկի ամերիկյան ընկերությունների առաջարկները՝ երկրում առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ, հայտնել է «Ղազախստանի ատոմային էլեկտրակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Թիմուր Ժանտիկինը՝ ատոմակայանների կառուցման հարցի շուրջ հանրային լսումների ժամանակ։ Այդ մասին հայտնում է inbusiness.kz հարթակը։
ԱՄՆ-ն առաջարկել է երկու նախագիծ՝ հիմնված փոքր մոդուլային ռեակտորների վրա: Մենք դրանք առայժմ հետաձգել ենք»,- ասել է Ժանտիկինը՝ հավելելով, որ նախագծերը ռիսկային են։
Նշենք, որ ավելի վաղ Ղազախստանի իշխանությունները հայտարարել էին, որ Ղազախստանը, ի լրումն ատոմակայանների կառուցման գործընթացում պոտենցիալ գործընկերների, քննարկում է նաև ամերիկյան երկու ընկերությունների՝ General Electric-ի և NuScale-ի առաջարկները։
Երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևն էլ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ռուսական միջուկային տեխնոլոգիաներն այժմ ամենաանվտանգն ու արդյունավետն են։ «Մենք ընդունում ենք ռուսական լուծումների մրցակցային առավելությունը»,- նշել էր նա։