15/11/2023 20:16
Հակոբ Արշակյանը «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, հայտնում են ԱԺ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ եւ ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության եւ անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:
Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:
ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Սիրիայի միջեւ բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտների զարգացման հարցում:
«Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության եւ արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, եւ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը:
Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա եւ առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջեւ համագործակցության զարգացման գործում:
Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն եւ բարգավաճում են մաղթել հայ եւ սիրիացի եղբայրական ժողովուրդներին:
Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը»: