15/11/2023 22:30
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է ոստիկանության բաժին՝ տեղեկանալու՝ ինչպես են ապահովվում Ֆաթիմա Զուրաբովայի իրավունքները և անվտանգությունը
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը նոյեմբերի 14-ի երեկոյան մեկնել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ Ֆաթիմա Զուրաբովայի իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Ոստիկանության և Քննչական մարմնի ներկայացուցիչների հետ, ստացել անհրաժեշտ պարզաբանումներ:
Այնուհետև, հանդիպում է տեղի ունեցել Ֆաթիմա Զուրաբովայի շահերի պաշտպանությունը ստանձնելու նպատակով Քննչական մարմին ժամանած փաստաբանի հետ:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Պաշտպանի արագ արձագանքման խումբը կրկին այց է իրականացրել նշված բաժին, առանձնազրույց ունեցել Ֆ. Զուրաբովայի հետ: Նրա կողմից բարձրացրած մի շարք հարցեր, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված, քննարկվել են Ոստիկանության և գործընթացում ակտիվ ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ավելի ուշ՝ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆ. Զուրաբովան տեղափոխվել է անվտանգ վայր: Բարձրացված հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Ֆաթիմա Զուրաբովայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ի ժամը 20.45-ին Ֆաթիմա Զուրաբովան Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին: