15/11/2023 14:45
Վերաբացվել է Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի վերաբացման և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը և մշակութասերներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թանգարանի բացման կապակցությամբ և ընդգծել․ «Պետությունը շարունակելու է ավելի մեծ ծավալով միջոցներ հատկացնել մշակութային միջավայրերի պայմանները բարեկարգելու, մշակույթը հասարակությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Սա հնարավորույթուն է՝ ծանոթանալու մեր մշակութային գողտրիկ անկյուններին, որտեղ քանի չհասնես, տեղը չես իմանա, բայց մտնելով չես ուզում հեռանալ։ Հայտնվում ես արվեստի ուրիշ աշխարհում, ծանոթանում այն արժեքներին, որոնք՝ որպես մշակույթ, մեզ դարձնում են ավելի լավը»։
Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ցուցադրության մտահղացումն ու այն ներկայացնելու ձևաչափը։
«Հրաշալիորեն համադրվել են երկու ցուցադրություններ, որոնք հասարակական, մշակութային կյանքում կարևոր դերակատարում ունեցող զույգերի համատեղ կյանքի և արվեստի մասին են»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ թանգարանն այցելուների պակաս չի ունենա։
Արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է Ջոտտոյի մահից հետո՝ 1977 թվականին, նկարչի կնոջ՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ: Այս տարի հիմնանորոգված թանգարանում նոր ու արդիականացված մշտական ցուցադրությունը համապարփակ ներկայացնում է վրացահայ նկարչի՝ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) հարուստ ժառանգությունը:
Երբևէ չցուցադրված գեղանկարչական աշխատանքների կողքին առաջին անգամ ցուցադրվում են նաև Ջոտտոյի գրաֆիկական գործերը:
Արվեստանոց-թանգարանի առանձին սրահ նվիրված է նկարչի կնոջը՝ հավերժական մուսա Դիանա Ուկլեբային և վերջինիս արվեստին (Դիանա Ուկլեբան նկարչուհի էր):
Թանգարանի երկրորդ հարկում զուգահեռաբար բացվել է «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետ ամուսինների՝ նկարիչ Տիգրան Եսայանի և գրող, հասարակական գործիչ Զաբել Եսայանի կյանքին ու գործունեությանը:
Տիգրան Եսայանի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է կնոջ՝ Զաբել Եսայանի ջանքերով 1935 թ. Հայաստանի պետական թանգարանում: Զ. Եսայանը նվիրաբերել է ամուսնու մեծաթիվ աշխատանքներ՝ համալրելով թանգարանի նվիրատուների շարքերը:
Արվեստագետ ամուսինների համատեղ ցուցահանդեսը երկու առանձին անհատականություններին բացահայտում է նոր լույսի ներքո: Առաջին անգամ համապարփակ ներկայացվում է նրանց ժառանգությունը՝ լուսանկարչական արխիվ, նամակներ, անձնական իրեր, փաստաթղթեր:
Համադրողներն են Արփինե Սարիբեկյանը, Հայկուհի Սահակյանը։