15/11/2023 19:24
Ռուսաստանի դեսպանը Անահիտ Մանասյանի հետ է հանդիպել
ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։
Իր հերթին Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»։