15/11/2023 17:00
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար հող չենք նախապատրաստում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը ոչ թե հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ նիստին, այլ որոշում է կայացրել ներկա չգտնվել տարբեր պատճառներով, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ հող չի նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար:
«Որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա` անկախ մեր նախապատրաստելուց»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին ու դա կրկնվել է մի քանի անգամ:
«Մեր հանրության համար հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում, ասում, չստանալով ոչ մի արձագանք`թողնում ու հետ վերադառնում»,- նշեց նա:
ՀԱՊԿ-ը, ըստ Փաշինյանի, հրաժավրում է արձանագրել իր պատասխանտվության գոտին Հայաստանում, ինչը կարող է նշանակել, որ ՀՀ-ն այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով` կարող է միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող»,- շեշտեց նա` հավելելով` ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ են տալիս:
Վարչապետն ասաց, որ Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի, այլ ասել է` ո՞ւր եք ուղարկում:
«Ասել են` Հայաստան, մենք էլ ասել ենք` ցույց տվեք ձեր պատկերացրած Հայաստանը, մեզ ցույց չի տրվել, մենք ենք ցույց տվել Հայաստանը, ասել ենք, որ այս-այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել: Քանի որ չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, քանի որ կստացվի, որ ՀՀ լղոզված պատկերացումը մենք լեգիտամացնում ենք ու այդ պայմաններում լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ներխուժումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե ռազմավարական առումով քաղաքական որևէ փոփոխության մասին չեն հայտարարի, քանի դեռ չեն հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը: