15/11/2023 18:18
Վառելիքի գները սրընթաց աճում են, դուք իրավիճակին չեք տիրապետում ամիսներ շարունակ․ Գառնիկ Դանիելյանը՝ ՏԿԵ նախարարին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ-Կառավորություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված վառելիքի գների սրընթաց աճը։
«Վերջին ամիսներին սրընթաց թանկանում են դիզվառելիքի, բենզինի, հեղուկ գազի գները․ գրեթե կրկնապատկվում են։ Մի փուլով թանկացավ հեղուկ գազի գինը՝ 160 դրամ դարձավ, մի քանի օրերի ընթացքում էլ 220 դրամը հատել է, նույնը բենզինին է վերաբերում․․․»,-ասաց նա և հավելեց, որ թեև մի քանի ամիս առաջ մրցակցության պաշտպանության կոմիտեի նախագահն ասել էր, որ ՀՀ-ում վառելիքը մի բան էլ էժան է, բայց օրինակ բերեց, որ ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում գները կրկնակի, եթե ոչ եռակի էժան են, բացի այդ էլ, նավթի շուկայում գնի նվազում կա։
Պատգամավորը նշեց, որ գների թանկացմանը նպաստող հանգամանք չկա՝ շեշտելով, որ ծառայությունների ոլորոտում էլ թանկացում է նկատվում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արձագանքեց, որ ոլորտի վերահսկողություն կա և այն պնդումները, թե քանական խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը։ «Կարգավորված են այն քվոտաները, որոնք սահմանվել են, և լրացուցիչ քվոտաների կարիք կար․ գործընկների հետ համաձայնեցված են, ստորագրված են, և համապատասխան մատակարարումները կանեն»,-ասաց նա։
Ըստ նրա՝ խնդիրը մատակարարումների հետ է գուցե կապված։ «Տասպորտային լոգիստիկ խնդիրներ կան, որոնք երբեմն բերում են գների նման տատանումների»,-ասաց Սանոսյանը։ Նախարարը նշեց նաև, որ շուկայի վերահսկողության հարցերին չի տիրապետում։
Գառնիկ Դանիելյանը վրդովվեց։
«Ամիսներ են անցել, բայց գալիս են նույն պատասխանները տալիս։ Կամ էլ դուք իրավիճակին չեք տիրապետում ամիսներ շարունակ․․ դուք պարտավոր եք այս հարցի պատասխանը և՛ մեզ, և՛ հանրությանը տալ՝ ինչո՞ւմն է խնդիրը»,- ասաց պատգամավորը։
Նախարարը նշեց, թե իր մասով նորմալ էլ պատասխանել է․ բայց մրցակցությունն ու վերահսկողությունն իր ոլորտը չէ։