16/11/2023 20:42
Հոգեբանն ասում է՝ բարությունը երկարացնում է կյանքը. ինչու՞ է այն կարևոր և ինչպե՞ս է ազդում մեր գործողությունների վրա
Բարությունը մարդկային ամենակարեւոր արժեքներից մեկն է։ Այն կարող է փոխել մեր կյանքը, մեր վերաբերմունքը ուրիշների և ինքներս մեր նկատմամբ: Բարությունը պարզապես բարի կամք և աջակցություն չէ, այն ունի խորը փիլիսոփայական իմաստ և ընդգրկում է մեր գոյության բոլոր ոլորտները:
Բարության ու կյանքի որակի բարելավման վրա ունեցած ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է հոգեբան Անի Միքայելյանի հետ։
«Օրեր առաջ նշվում էր բարության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ բարությունը դրականորեն է ազդում մեր ինքնազգացողության և էմոցիոնալ վիճակի վրա։ Երբ մենք լավ բաներ ենք անում այլ մարդկանց համար, մենք մեզ լիարժեք և երջանիկ ենք զգում»,-ասաց հոգեբանը՝ ավելացնելով, որ այն ունի նաև հետադարձ կապի օրենք.
«Աջակցությունը գալիս է ինչպես մեզ, այնպես էլ մեր սիրելիներին: Բարությունը օգնում է ներդաշնակ և երջանիկ հարաբերություններ կառուցել ծանոթների, գործընկերների և ընկերների հետ: Այն միավորում է մեզ, դարձնում ավելի ուժեղ և ավելի վստահ մեր ուժերի վրա»։
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ մեր կյանքի որակի բարելավման վրա, հոգեբանը պատասխանեց.
«Բարությունը հնարավորություն է վերափոխելու ոչ միայն ձեր կյանքը, այլև ձեզ շրջապատող ամբողջ աշխարհը: Անկախ մեր տարիքից, մշակույթից և կրոնից՝ մենք կարող ենք բարի լինել և բարիք գործել։ Բարությունը կարող է հաղթահարել տարբերություններն ու խոչընդոտները և ստեղծել միասնության և համագործակցության ուժ: Այն փոխում է մեզ, դարձնում է ավելի լավը, վերացնում է խոչընդոտներն ու վախերը, ստիպում է մեզ տեսնել յուրաքանչյուր մարդու մեջ մարդկային հիմնարար հատկությունները»:
Մասնագետի խոսքով, հարկավոր է միշտ հիշել, որ բարությունը երախտագիտության կամ պարգևի ակնկալիք չէ, գործարք կամ բարեհաճության փոխանակում չէ, այլ ինչ-որ մեկի կյանքը ավելի լավը դարձնելու իսկական անկեղծ ցանկություն:
«Ի վերջո, բարությունը փոխում է մեզ դեպի լավը: Այն զարգացնում է կարեկցանքն ու ամրապնդում մեր հարաբերությունները, դարձնում մեզ ավելի երջանիկ և հաջողակ: Բարի եղեք միմյանց հանդեպ և կնկատեք, թե ինչպես կփոխվի ոչ միայն ձեր կյանքը, այլև ձեզ շրջապատող աշխարհը»,-խորհուրդ տվեց հոգեբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ