16/11/2023 17:22
Արարատ Միրզոյանն ու Օլիվեր Վարհեին ՀՀ-ԵՄ հարաբերություններն են քննարկել
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄգործընկերության ընդգրկուն օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առկա երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում կարևորվել է նաև նոյեմբերի 15-ին Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացումը Բրյուսելում:
ՀՀ-ԵՄ միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ընդգծվել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ համար 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը: Տարածաշրջանային ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից նախարար Միրզոյանն ընդգծել է «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին ՀՀ միանալու նշանակությունը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի համատեղ հայտարարությանը համահունչ:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոչ միայն կարող է տնտեսական առավելություններ տալ տարածաշրջանի երկրներին, այլև դառնալ խաղաղության կարևոր երաշխիք: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին»: