16/11/2023 20:22
Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, գործն էլ դատարանում «սառեցված» է
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանի, վերաբերյալ գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, սակայն «սառեցված» վիճակում, գրել է «Փաստինֆո»-ն։ Մեկ տարվա ընթացքում, ինչպես պարզվեց, գործը դեռ հիմնական դատաքննության փուլ չի հասել, ավելին՝ ընդամենը դատական մեկ-երկու նիստ է եղել, իսկ Կարեն Պողոսյանը, թեև մեղադրվում է սպանության փորձի մեջ, ազատության մեջ է։
Պարզվում է՝ այս ընթացքում երեք դատավոր է փոխվել, ըստ այդմ՝ գործը պարբերաբար վերսկսվել է։ Նախ՝ գործը մակագրվել էր դատավոր Լուսինե Սեփխանյանին, ապա, պայմանավորված դատավոր Սեփխանյանի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործուղման ժամկետի ավարտով, վերամակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։ Վերջինս էլ տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և գործը կրկին վերամակագրվել է։ Ընդ որում, թե՛ Սեփխանյանի, թե՛ Արամյանի վարույթում գտնվելու ընթացքում գործով առանցքային տեղաշարժ չի եղել, նիստերը հաճախակի հետաձգվել են՝ մեղադրյալի և պաշտպանի բացակայության կամ միջնորդության հիման վրա։ Այժմ գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանի վարույթում։ Վերջինս հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքն անփոփոխ թողնելու մասին։ Դատարանը գտել է, որ տվյալ փուլում շարունակում է առկա լինել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու իրավական հիմքը՝ այն է ողջամիտ ենթադրություն առ այն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի:
Կարեն Պողոսյանը դեռևս նախաքննության փուլում հետախուզման մեջ էր գտնվում, և վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ չէր կարողանում հայտնաբերել նրան, իսկ հայտնաբերելուց հետո Սյունիքի նախկին մարզպետ, «ՔՊ»-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին կալանքի տակ գտնվել է շատ կարճ ժամանակ, մինչդեռ, համեմատության համար հարկ է նշել, որ ֆեյսբուքյան գրառումներում իբրև բռնության կոչ կատարելու համար անձինք այժմ կալանքի տակ են։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում