16/11/2023 12:08
Ցանկության դեպքում այս տարվա վերջ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը. Սիմոնյան
Այս ժամանակահատվածում երկրների միջև անվստահություն է ձևավորվել և դա միայն մեր խնդիրը չէ, այլ ավելի շատ Ադրբեջանի խնդիրն է՝ իր հասարակության մեջ պետական մակարդակով ատելության սերմանման պատճառով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուշանում է, քանի որ միմյանց նկատմամբ անվստահություն կա։
«Ես կարծում եմ, որ մեզ մոտ պետական մակարդակով այդքան թշնամանք չի սերմանվել, որքան Ադրբեջանում։ Մենք հասարակություններին էլ պետք է նախապատրաստենք, և Ադրբեջանն էլ պետք է աշխատի իր հասարակության հետ։ Մենք չգիտենք, թե իրենք ինչքանով են դրան պատրաստ», -ասաց նա։
Հարցին՝ ի վերջո կա՞ ժամանակացույց, թե երբ այդ խաղաղության պայմանագիրը կստորագրվի՝ ԱԺ ղեկավարը նշեց.«Կոնկրետ ժամկետների մասով չի բանակցվում։ Ցանկության դեպքում այս տարվա վերջ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Չի քննարկվում, թե ում հովանու ներքո դա կլինի։ Ով էլ գա, իր շահերն է բերելու։ Մենք էլ, ադրբեջանական կողմն էլ պետք է հասկանանք, որ եթե բոլոր տեղերում մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ և ներդնելու է իր շահերը»։