16/11/2023 10:06
«Հրապարակ» ՔՊ-ական կանանց գործուղման ծախսերը հոգացել է ԱԺ-ն, իսկ Թագուհի Թովմասյանն այլ միջոցների հաշվին է մեկնել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անցած օրերին համացանցը ողողվեց ՀՀ պատգամավոր կանանց լուսանկարներով, որոնք Իսլանդիայում մասնակցում են կին առաջնորդների հերթական ֆորումին։ Ռեյկյավիկ են մեկնել ՔՊ-ականներ Տաթևիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Մանավազյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը: Սակայն ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրության մեջ Թովմասյանի անունը ևս բացակայում է: Խորհրդարանից մեր հարցմանը, թե ինչու Թագուհի Թովմասյանի անունը չկա կարգադրության մեջ, փոխանցեցին, որ անհատական հրավերներ են եղել կանանց, Թովմասյանը, ի տարբերություն իշխանականների, հարկ չի համարել ԱԺ-ին գրություն ներկայացնել` իր բացակայության և դրա պատճառների մասին։ Եվ չնայած այս կանայք մեկնել են անհատական հրավերներով, սակայն ՔՊ-ական կանանց գործուղման ծախսերը հոգացել է ԱԺ-ն, իսկ Թագուհի Թովմասյանն այլ միջոցների հաշվին է մեկնել:
ԱԺ-ից պարզաբանեցին, որ գործուղման «կարևորությունը» հաշվի առնելով է ԱԺ-ն ֆինանսավորել այս «վոյաժը»․ «Եթե դրա կարևորությունն ԱԺ-ն համարում է այնպիսին, որ անպայման պետք է ֆինանսավորի, ֆինանսավորում է»։ Մի հանգամանք էլ նկատեցինք. Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքում իր այցի մասին գրառում է արել, որտեղ ներկայացել է որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ»։