16/11/2023 13:25
Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:
Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթանակ է տարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Նա առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակի նկատմամբ:
Տղաների պայքարում մեկնարկային գոտեմարտերում հաղթանակներ են տարել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Հենրիխ Ճղրիկյանը (91 կգ):
Մ-22 ԵԱ գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մենամարտել է ռումինացի Մարիան Սալիի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ նոկդաունի ենթարկելով մրցակցին։
Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը մեկնարկում մեծ առավելությամբ պարտության է մատնել հունգարացի Ռոբերտ Շիկին, ընդ որում 3-րդ ռաունդի վերջում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։
63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը մեկնարկում 5։0 հաշվով առավելության է հասել Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանի նկատմամբ։
67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, հաղթանակի է հասել իռլանդացի Գարեթ Գիֆոռդի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 0։5 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդներում մեր մարզիկը բեկել է մենամարտի ընթացքը: Երրորդ ռաունդում Հարությունյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Միշել Սիմենսի նկատմամբ:
91 կգ քաշայինների պայքարում էլ Հենրիկ Ճղրիկյանը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Ջումկա Ջաիանի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:
Նշենք՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցում են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռինգ դուրս կգան Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Հաղթանակների դեպքում՝ նրանք կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ: