16/11/2023 16:51
Անհայտ անձը փորձել է հրկիզել հրեական սինագոգի դռները․ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ Ոստիականությունը Երևանում հրեական սինագոգը հրդեհելու մասին ահազանգը ստացել է նոյեմբերի 15-ին։ Aysor.am-ի հետ զրույցում ՆԳՆ ոտիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը նշեց, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 18։30-ին, ոստիկանությունում հրդեհի ահազանգով հաղորդում է ստացվել։
«Պարզվել է, որ ժամը 18։00-ին անհայտ անձը Նար-Դոս փողոցի 23 հասցեի շինության առաջին և երկրորդ հարկի դռները փորձել է հրկիզել, որի հետևանքով դրանք վնասվել են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին», - ասաց նա։
Քննչական կոմիտեից Aysor.am-ին ասացին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու համար, այս պահին դեպքի վայրում իրականացվում է զննություն, այլ քննչական, վարութային գործողություններ։