16/11/2023 09:49
«Հրապարակ»․ Ակնհայտ տարբերություն է նկատվում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ակնհայտ տարբերություն է նկատվում խորհրդարանական երկու ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում։ Եթե 2021-ի ընտրություններից հետո նրանք համատեղ քննարկում էին անգամ նախագծերի քվեարկության հարցերը և, որպես կանոն, միասնական դիրքորոշում էին մշակում, ապա այժմ թե՛ քվեարկություններն են տարբեր, թե՛ այլ հարցերում դիրքորոշումները։
Դիցուք, տևական բոյկոտից հետո «հայաստանցիներն» ամիսներ առաջ որոշեցին վերադառնալ և մասնակցել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ՊՈՒ-ն դեռ շարունակում է բոյկոտը, երեկ էլ չմասնակցեցին անգամ բյուջեի նախագծի քննարկմանը, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի։ Ընդմիջման ժամին, երբ Փաշինյանն ու իր նախարարները հեռացել էին դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ, գրանցվեցին ու հեռացան: Իսկ գրանցվեցին, որ բացակա չստանան։ Նախօրեին էլ միտումնավոր ուշ մտան դահլիճ, որպեսզի հոտնկայս հարգանքի տուրք չմատուցեն Մաթևոս Ասատրյանի հիշատակին»։