16/11/2023 10:00
«Ժողովուրդ»․ Կարևորը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալը և այդպես պաշտոնը պահելն է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախևառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, և ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։
Այնուհետև նա ավելացրել է. «Մի բան հստակ է՝ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ամեն հաջորդ տարվա բյուջեն ցույց է տալիս, որ այս իրավունքների իրացումն է դառնում անկյունաքարային»։ Այնուհետև տիկին նախարարը երկար թվերի շարք է ներկայացրել։
Սակայն ուշադրություն դարձրե՛ք Ավանեսյանի ձևակերպումներին, թե բյուջեն մարդու մասին է, երջանիկ ապրելու իրավունքը ապահովելու մասին, և որ, իբր, 2018թ. հեղափոխությունից հետո այդ իրավունքի իրացումն անկյունաքարային է։ Մենք այս հայտարարություններին ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մի կարևոր հանգամանք. 2018թ. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով իշխանության եկած ուժը կարճ ժամանակ անց երկիրը հասցրեց աղետալի պատերազմի շեմին, ինչի հետևանքով ունեցանք 4-5 հազար զոհ։
Երջանիկ անհատ խոստացող ուժի քաղաքականության հետևանքով հազարավոր ընտանիքներ պարզապես դժբախտացան։ Հզոր պետության մասին խոսելն անիմաստ է, որովհետև Անահիտ Ավանեսյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, մի առիթով խոստովանել էր, որ երկրի անվտանգության ոլորտում իրենք ձախողել են, անգամ ասել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուր մնաց Արցախի։
Նույնը նաև պատերազմին հաջորդած այս տարիների մասին է. հարյուր հազարից ավելի մարդ պարզապես մի քանի օրում ստիպված եղավ լքել իր հայրենիքը, տունը, բնօրրանը, որովհետև նման աղետի առաջ էր հասցրել ՀՀ իշխանությունը, որի կազմում է նաև նույն Անահիտ Ավանեսյանը։ Ու այսքանից հետո դեռ նախարարը խոսում է երջանիկ ապրելու իրավունքի իրացման մասին։
Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաև իր թիմակիցները, որ երևանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլև հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։
Այնպես որ, տիկին նախարարը միգուցե նման ամպագոռգոռ ելույթներից առաջ ետահայաց նայեր իրականությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալը և այդպես պաշտոնը պահելը ամենակարևորն է իշխանական ղեկին հայտնվածների համար»։