16/11/2023 11:32
Առաջիկայում Ադրբեջանի հետ հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի, Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու ու ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա», - ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղաթահարման մեխանիզմի ձևակերպումն է։
«Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար, պետք է շատ հստակ մեկնաբանություն ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսն անվտանգության երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի», - մանրամասնեց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց, թե մտադիր է ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը, իսկ ընթացքի մասին կզեկուցի հանրությանը։