17/11/2023 17:29
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում:
Ըստ ամսագրի, Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի` 46% աճը նախորդ տարվա համեմատ, ընդ որում բոլոր կապուղիներով ակտիվ օգտատերերի թիվը ևս կտրուկ աճել է` 67%-ով: Բացի այդ, Ամերիաբանկն իր կապուղիներով գրանցել է մոտ 12 միլիոն էլեկտրոնային գործարք` շուկայում սահմանելով նոր ռեկորդ:
Արդեն մի քանի տարի է, ինչ բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է բանկի հաճախորդ դառնալու առցանց լուծում, որը թույլ է տալիս առանց բանկ այցելելու բացել բանկային առաջին հաշիվը կամ պատվիրել առաջին քարտը: 2023թ. բանկը ներդրել է ամբողջական լուծում, որն ավտոմատացնում է հաճախորդների նույնականացման գործընթացն առանց լրացուցիչ հեռախոսային զանգի անհրաժեշտության: Արդյունքում` առցանց գրանցված նոր հաճախորդների թիվը 67%-ով ավելին է 2022 թ.-ի ցուցանիշից։
Հատկանշական է, որ Ամերիաբանկի ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման գործակիցը կազմել է 71%, ինչը 9 տոկոսային կետով բարձր է 2022թ. գրանցված ցուցանիշի համեմատ:
Բանկի բջջային հավելվածի՝ MyAmeria-ի հայտնիությունն աստիճանաբար ավելանում է՝ ինչպես հավելվածի հնարավորությունների, այնպես էլ հաճախորդների բազայի առումով: Ընթացիկ տարվա կարևոր իրադարձություններից է Ամերիաբանկի կողմից առցանց ներդրումային հարթակի՝ MyInvest-ի ներդրումը: Հարթակն ինտեգրված է բանկի բջջային հավելվածում: MyInvest-ը թույլ է տալիս օգտատերերին բացել բրոքերային հաշիվներ առցանց և հնարավորություն է տալիս կատարել ընտրություն ավելի քան 20,000 արժեթղթերից, ավելի քան 30 շուկաներում:
Հաշվետու տարում Ամերիաբանկը կարևորել է նաև անկանխիկ և էլեկտրոնային վճարումների խթանումը` դրանք ավելի մատչելի դարձնելով իր հաճախորդների համար: Բացի այդ, բանկն առաջատար դիրք է զբաղեցրել թվային հիփոթեքային վարկավորման շուկայում՝ դառնալով առաջին բանկը Հայաստանում, որն ամբողջությամբ թվայնացրել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է. «Մենք շարունակաբար բարելավում ենք մեր թվային համակարգերը, լուծումներն ու ծառայությունները՝ ներդրումներ կատարելով բիզնեսի վերափոխման և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ, նպատակ ունենալով ընդլայնել մեր գործունեության շրջանակները, կրճատել նոր պրոդուկտները շուկայում ներկայացնելու համար պահանջվող ժամանակը և ապահովել ավելի բարձր արդյունավետություն արագ փոփոխվող աշխարհում, հատկապես` ֆինանսական ոլորտում: Euromoney-ի այս մրցանակը վերջին տարիների մեր կայուն առաջընթացի ճանաչումն է: Մեր բարձր արդյունքները վկայում են մեր` ռազմավարական նպատակներին հասնելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու առաքելությունն իրականացնելու վճռականության մասին»:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: