17/11/2023 19:05
Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը
Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի ներկայացրած պահաջը՝ Ադրբեջանին պարտավորացնելով, ի թիվս այլ միջոցների, չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղ էթնիկ հայերի վերադարձին, ապահովել, որպեսզի մարդիկ, ովքեր մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն, ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են ԼՂ-ում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո «կամ վերադարձել են», զերծ մնան ուժի գործադրումից կամ ահաբեկումից, ինչը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։
Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է նաև պահպանել հայերի ինքությունն ու մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը։ Ադրբեջանը 8 շաբաթից պետք է ներկայացնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի անունից սեպտեմբերի 28-ին դիմում էր ներկայացրել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքով։