17/11/2023 11:35
ՀԱՊԿ գործընկերներն ընդունո՞ւմ են, որ Ջերմուկի սարերը Հայաստան են, թե՞ ոչ. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ)
Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի, այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ին չի մերժել, որպեսզի առաքելություն ուղարկի Հայաստան, բայց Հայաստանը հստակ հարցադրում է արել՝ որտե՞ղ է գալու այդ կոնտինգենտն՝ իրականացնելու իր առաքելությունը, որովհետև, երբ եվրոպացիները գալիս են, իրենք ասում են, որ «մենք ունենք այսպիսի քարտեզ, որտեղ այս բլուրը Հայաստանինն է, այս անտառափեշն, օրինակ, Ադրբեջանինն է»։ Ասում են՝ «գալու ենք, կանգնեք բլուրի մոտ ու դիտարկենք», իսկ երբ մենք ՀԱՊԿ գործընկերներին ենք հարցնում, թե որտեղ են գալու կանգնեն, իրենք չեն ասում»,- նշեց Պապոյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջում է այնպիսի դիրքորոշում, որը համընկնում է Հայաստանի ազգային ու պետական շահերի հետ։
«Մենք պետք է մեր գործընկերներից հստակ դիրքորոշում ունենանք մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ, մեր սահմանների վերաբերյալ, այդ պարագայում մենք որևէ խնդիր որևէ գործընկերոջ հետ չունենք»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը։
Նա հարց հնչեցրեց՝ ՀԱՊԿ գործընկերներն ընդունո՞ւմ են, որ Ջերմուկի սարերը Հայաստան են, թե՞ ոչ։
«Եթե ընդունում են, ապա, երբ Ջերմուկի սարերը Ադրբեջանի կողմից գրավվում էր, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտել, եթե չի միջամտել՝ արդյո՞ք նշանակում է, որ իրենք չեն ընդունում։ Մեզ հստակ դիրքորոշումներ են պետք»,- ասաց ՔՊ-ականը։