17/11/2023 11:40
2029 թվականի հունվարի 1-ից մարզերում ևս կդադարեցվի եկամտահարկի հետ վերադարձի հնարավորությունը (Տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստին հայտարարեց, որ առաջարկում են ըստ տարիների մարզերում ևս կրճատել եկամտահարկի կիրառության շրջանակները։
«Դրա հիմնական նպատակները 2-ն են։ Մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացումը ժամանակի մեջ առաջ բերելը խրախուսելը, ինչպես նաև հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է: Այս առումով, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտահարկը 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերում։ 2029 թվականի հունվարի 1-ից հետո չի վերադարձվի եկամտահարկը, եթե գույքը գտնվում է այլ մարզերում»,-մանրամասնեց նախարարը։
Նա հստակեցրեց, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ. «Այդ բնակավայրերում եկամտահարկի վերադարձը տեղի է ունենալու նաև այդ ժամկետմներից հետո։ Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը դրամը»։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս թեմայով առաջին որոշումը կայացրել են 2020 թվականին քովիդի շրջանում, որից հետո շինարարաությունը, բնակարանաշինությունը Երևանում շատ մեծ թափ առավ։