17/11/2023 12:37
Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ. եթե այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է, մեկ կամ կես օրում կարող է փոփոխվել
Վերջին շրջանում Ադրբեջանը խուսափում է բանակցային գործընթացում առարկայական քայլերի գանլուց, այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Այս պահին, ըստ նրա, Ադրբեջանը հետապնդում է մեկ նպատակ՝ որոշակի հաշվարկ ու ուժերի բալանսի վերագնահատում է տեղի ունենում։
«Ակնհայտորեն Ադրբեջանն այսօր տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ, վերջին շրջանում ակտիվ խոսում են 8 գյուղերի պահանջների մասին ու, միգուցե, Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ չէ»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորն ասաց, թե չունի տեղեկություններ այն մասին, որ սահմանագծի տարբեր հատվածներում կան որոշակի վտանգավոր տեղաշարժեր կամ զորքերի կենտրոնացում։
«Ադրբեջանը վերջին տարիներին հսկայական աշխատանք է իրականացրել, որ դեպի առաջնագիծ իր կոմունիկացիաները ոչ միայն ուժեղացնի, այլև դրանք հնարավորինս քողարկված դարձնի, շատ ժամանակ հնարավոր չի լինում ամբողջությամբ կամ ողջ ծավալով հասկանալ, թե կոնկրետ ուղղությամբ երբ ու ինչ տեղի կունենա։ Եթե նույնիսկ այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն, դա կարող է մեկ կամ կես օրվա ընթացքում փոփոխվել ու 24 ժամվա ընթացքում տեղաշարժերը Հայաստանի անվտանգության տեսանկյունց դառնան խիստ սպառնալից», - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։