17/11/2023 15:19
Մոսկվայաբնակ հայ երգիչ Ժորա Շահինյանը՝ նոր առաջարկների և երազանքի մասին․ Լուսանկարներ
Մոսկվայում հայտնիություն ձեռք բերած հայ երգչի համար նոր հորիզոններ են բացվել, նոր անելիքներ, որոնց մասին պատմել է հենց ինքը՝ Ժորա Շահինյանը։
«Քանի գնում», «Ամուր-ամուր», «Իմ միակ», «Պապ ջան, մամ ջան», «Քո սերը ինձ տվեց թևեր» հիթերի հեղինակը տարիներ շարունակ սովորելով և որոշ չափով անցնելով երաժշտական այս բարդ ճանապարհը՝ նշում է, որ հեղինակային երգեր կատարելու ցանկություն միշտ է ունեցել և սա իր համար պարտավորեցնող է. «Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում հեղինակային երգեր կատարելուն, դրանք երգեր են, որոնց մեջ ոգի պետք է ներարկվի, իսկ դա կարող է անել միայն այդ ամենը զգացող և ապրող արտիստը:
Տարիների փորձի արդյունքում ձեռք բերեցի էլ ավելի շատ գիտելիքներ, որոնք ինձ այժմ թույլ են տալիս ներկայացնել իմ հանդիսատեսին հեղինակային երգեր և տեսահոլովակներ: Հուսով եմ՝ մոտ ապագայում կունանեմ նաև մասշտաբային համերգային նախագծեր»:
Երգիչը նշում է՝ իր կատարած բոլոր երգերը շատ հոգեհարազատ են իրեն։ Երգչի կատարումները գրեթե միշտ սիրվում են հանդիսատեսի կողմից, ինքն էլ անկեղծանում է. «Իմ կարծիքով՝ արտիստը պետք է լինի անկեղծ մարդ թե՛ բեմում և թե՛ կյանքում: Ինձ համար արտիստի ամենաբարձր հատկանիշը լավ մարդ լինելն է»:
Այս տարիների ընթացքում Ժորան ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ: Ասում է` փորձում է պատասխանել նրանց բոլոր նամակներին. «Այնքան ուրախ եմ, որ ստանում եմ շատ ջերմ և դրական կարծիքներ իմ շատ սիրելի հանդիսատեսի կողմից, որի համար անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրից և շնորհակալ եմ նաև, որ այս ժամանակահատվածում միշտ իմ կողքին են եղել: Իսկ բացասական կարծիքներով նամակներ դեռ չեմ ստացել: Խոստանում եմ՝ կաշխատեմ երբեք բացասական նամակների առիթներ չստեղծել»:
Տարին Ժորայի համար նշանավորվել է աննախադեպ առաջարկներով, երգիչը հանդես կգա մեծ համերգային ծրագրով, որի մանրամասները հայտնի կդառնան շատ շուտով։
Այն հարցին՝ շարունակելո՞ւ է կատարել նաև ազգային երգեր՝ Ժորան պատասխանեց․ «Ինձ համար առաջնային են մեր ազգային երգերը և ոգին: Հետևաբար, իմ կատարումներին զուգահեռ նաև հայրենասիրականն եմ առանձնակի կարևորելու։ Իմ ստեղծագործական ճանապարհը պատկերացնում եմ մաքրամաքուր, հայեցի և ժամանակակից: Ես խնդրում եմ Աստծուն, որ նա ինձ միշտ օգնի գտնել աշխարհում այն ամենը, ինչը նախատեսված է ինձ համար ի վերուստ»: