17/11/2023 16:30
«Հայտնի է իրական սեփականատերը, բայց չեմ ասի». ԲՏԱ նախարարը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ԲՏԱ նախարարությունը եւ ԱԱԾ-ն պետական շահի տեսանկյունից վտանգավոր տարրեր չեն տեսել եւ հավանություն են տվել բաժնետոմսերը վաճառելու գործարքին՝ նախարար Խաչատրյանը զարմանքով արձագանքեց. «Դուք այդտեղ տեսնո՞ւմ եք ազգային անվտանգության սպառնալիք»։
Հարցին, թե իրականում ո՞վ է կիպրական տվյալ ընկերության իրական սեփականատերը՝ նախարարը սկզբում ասաց, որ չի հիշում, չգիտի, ապա ճշտող հարցին ի պատասխան՝ ասաց․ «Հայտնի է իրական սեփականատերը, բայց չեմ ասի»:
Լրագրողների մյուս հարցերին նա խուսափողական պատասխան տվեց ու արագ հեռացավ` միայն արձագանքելով. «Գրավոր դիմեք, կպատասխանեմ»։
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։