17/11/2023 16:11
Երևանում սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է. ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանի խոսքով՝ Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է, հատկապես որ առաջին անգամ տեղի չի ունենում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Թումանյանը տեղեկացրել է, որ այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, և եթե ապացուցվի միջադեպի միտումնավոր բնույթը, ապա ՀՀ իշխանությունները միարժեքորեն կդատապարտեն կատարվածը։
«Վստահ եմ, որ հայաստանյան հանրության վերաբերմունքը նույնպես կլինի այդպիսին։ Մեր երկրում չկան կրոնական, ազգային կամ այլ բնույթի այլատյացության դրսևորումներ։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է ՀՀ վարչապետի խորհրդականն ու ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահը։
Թումանյանը հույս է հայտնել, որ իրավապահները ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները։
Երևանում նոյեմբերի 15-ին հրեական սինագոգի այրման փորձ է կատարվել։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17