17/11/2023 13:18
Հայաստանը եւ Թունիսը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հանում են վիզայի պահանջը
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Թունիսի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջը հանելու մասին համաձայնագրին:
Որոման հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանը և Թունիսը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ:
Թունիսի Հանրապետությունը հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն է, որի հետ Հայաստանը երկկողմ և բազմակողմ հարթակներում վարում է զարգացող և ընդլայնվող հարաբերություններ:
Վերջին տարիներին Թունիսի Հանրապետության հետ զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական և հումանիտար համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջային:
Միևնույն ժամանակ, Թունիսը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Այս համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս նպաստելու Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների աշխուժացմանը»: