17/11/2023 13:24
Սյունիքում պարեկները տուգանել են Գորիսի, Կապանի ու Մեղրիի քաղաքապետերին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը, ու հիմա Սյունիքում, կարելի է ասել, նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, քչացել է մգեցված ապակիներով ավտոմեքենաների թիվը, քանի որ, ինչպես հայտնի է, Սյունիքում եթե ճանճը տզզում է, վայրկյանների ընթացքում ողջ Սյունիքն է իմանում է, ու հիմա սյունեցիները քաջատեղյակ են, որ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով Սյունիքում 1 շաբաթ գործուղման է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ում Սյունիքում գտնվելու ժամանակ դեռ սյունեցիներն էին ասում, որ պարեկային ծառայությունը մտավ Սյունիք, օրինախախտ վարորդների թիվը նվազեց: