18/11/2023 16:23
Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և՛ լավ, և՛ վատ լուրեր ունենք. Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը գլոբալ երկիր չէ, բայց մենք փորձում ենք հենց այդ գործելակերպը որդեգրել այն հարցերի առնչությամբ, որոնք Հայաստանի Հանրապետության ամենօրյա օրակարգի մաս են և որոնց լուծման համար պատասխանատվության էական բաժին ենք կրում: Խոսքը, նախևառաջ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին է, և այստեղ մենք և՛ լավ, և՛ վատ լուրեր ունենք, Երևանում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ հիմնական սկզբունքները համաձայնեցված են։
«Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքում. Այդ համաձայնագրերն արձանագրվել են եռակողմ հանդիպումների արդյունքներով: Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.8 հազար քառ/կմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86.6 հազար.քառ/կմ: Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրն է: Ալմաթայի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային միության 12 հանրապետությունները 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, որով արվել են հետևյալ կարևոր երկու արձանագրումները՝ 1. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, 2. Խորհրդային 12 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վարչական սահմանների անխախտելիությունը և Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցող սահմանները դառնում են պետական սահմաններ: Ահա այս հենքի վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում: Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամաբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ: Ահա սրանք են այն հենքերը, որով մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կող, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ-անկլավ հարցերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե օրինակ՝ «ՀՀ ինքնիշխան տարածքի էքսկլավ մաս հանդիսացող Արծվաշենը ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո»։
«Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: Սա չափազանց կարևոր է, քանի որ խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի երկրներն ապրում են բաց սահմաններով, մշակութային, տնտեսական կապերով կապված, բոլոր հարցերը՝ դիվանագիտական երկխոսությամբ փորձ և ավանդույթ կուտակած: Նման բան շատ դժվար է պատկերացնել առանց ճանապարհային, երկաթուղային, օդային ակտիվ կոմունիկացիաներ ունենալու: Բայց սա ամենը չէ: Տարածաշրջանի երկրները միմյանց հետ պետք է կապված լինեն մալուխներով, էլեկտրաշարերով, էլեկտրագծերով: Եվ այս ամենի իր բաժինն ունենալու համար ՀՀ-ն ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ահա սրանք լավ լուրերն էին»,- ասաց Փաշինյանը։
Հաջորդիվ նա ներկայացրեց իր ձևակերպմամբ՝ վատ լուրերը։
«Իսկ որո՞նք են վատ լուրերը: Ամենավատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար, սրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ երկարամյա հակամարտությունը, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերին շատ դժվար է նայել, գերիները, որոնց ընտանիքների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելությունը, կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ՝ այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն օրինակ ոչ մի անգամ հղում չի արել և չի հաստատել իր հավատարմությունը վերը հիշատակված երեք սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահությունը:
Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովհանավորությամբ և պաշտոնական մակարդակով ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Արդբեջան» և այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում: Սա մեզ նոր պատերազմ, ՀՀ-ի դեմ ռազմական նոր ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է: Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիներին հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը, չնայած վաղուց առաջարկել ենք այս հարցը լուծել խաղաղության օրակարգով:
Բայցևայնպես, ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին: Մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար»,- ասաց Փաշինյանը: