18/11/2023 20:45
Հիշողության փուլերն ու խանգարումները. Բացատրում է հոգեբույժ Արամ Հովսեփյանը
Հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանն անդրադարձել է հիշողության խանգարումների խնդրին՝ նշելով, որ դա բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին:
«Մարդու մոտ զարգացած են հիշողության մի քանի տեսակ, որոնք բնորոշ են հենց իրեն. հատկապես դա վերաբերում է պատկերավոր և տրամաբանական հիշողությանը:
Հիշողության մեջ մենք տարբերում ենք երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խանգարումները»,-նշել է բժիշկը:
Հիշողության առաջին փուլը ինֆորմացիայի յուրացումն է, իսկ դրա խանգարումը կոչվում է ֆիքսացիոն ամնեզիա: Մարդ չի կարողանում հիշել այն, ինչը կատարվում է այդ պահին, սակայն, ի տարբերություն հասարակ ցրվածության, խնդիրը կապված է կարճատև հիշողության խանգարման հետ:
Հիշողության երկրորդ փուլը ինֆորմացիայի պահպանման փուլն է, իսկ դրա խանգարումները ամնեզիաներն են: Դրանց հիմնական պատճառները սուր ինտոքսիկացիաներն են, գլխի վնասվածքները, գիտակցության խանգարումների սինդրոմները: Ռետրոգրադ ամնեզիայի դեպքում կորում են դեպքին նախորդող հիշողությունները, իսկ անտերոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են դեպքից հետո կատարված իրադարձությունները:
Մասնագետի խոսքով, շատ հազվադեպ են ամբողջական ամնեզիաների դեպքերը, և դրանք սովորաբար կարճատև են լինում: Երկրորդ փուլին պատկանող խանգարուներից է հիպոմնեզիան, որի ընթացքում նկատվում է հիշողության մակարդակի ընդհանուր նվազում: Հիպերմնեզիայի ժամանակ առաջանում է հիշողության սրացում. մարդը սկսում է չնչին մանրամասներ հիշել, ուժեղանում է մեխանիկական հիշողությունը: Այս խանգարումը բնորոշ է մանիակալ վիճակներին:
Հիշողության երրորդ փուլը ինֆորմացիայի արտաբերման փուլն է: Այս փուլի խանգարումները հավաքական կոչվում են պարամնեզիաներ՝ հիշողության շեղումներ: Հիշողության կորած հատվածները լրացվում են որևէ այլ ինֆորմացիայով: Երեք հիմնական տեսակներն են պսևդոռեմինիսցենցիաները, կրիպտոմնեզիաներն ու կոնֆաբուլացիաները: Ֆանտազմների դեպքում հիվանդը ստում է, որ լրացնի հիշողության բացը և որոշ ժամանակ անց սկսում է հավատալ սեփական ստին:
Այս հատվածում հոգեբույժն առանձնահատուկ շեշտում է դեժավյուի ֆենոմենը, երբ մարդուն թվում է, որ այս իրավիճակն իր կյանքում արդեն եղել է:
«Գործնականում հնարավոր չէ դեժավյուն ուսումնասիրել, քանի որ այն հայտնվում է պատահական պահին, և այն հնարավոր չէ որևէ ձևով արհեստական առաջացնել: Ամենատարածված բացատրությունն այն է, որ գլխուղեղը ներկա պահի ինֆորմացիան իբրև հիշողություն է ընկալում և «դիսոնանս» է վերապրում: Դեժավյուի հակառակ ֆենոմենը կոչվում է ժամեվյու: Դրա ընթացքում մարդուն թվում է, որ նա առաջին անգամ է գտնվում որևէ իրավիճակում կամ առաջին անգամ է որևէ մարդ տեսնում: Ժամեվյուն կարող է վկայել գլխուղեղում ընթացող որոշակի պաթոլոգիկ գործընթացների մասին»,-ասել է նա:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ