18/11/2023 19:39
Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտերում են Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները, գեներալները, փառապանծ մարդիկ․ Այս ամենն իրականացվում է ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ․ Բողոքի ակցիա՝ Երևանում
Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է, նպատակն է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի մասնակիցներին տեղեկացնել Բաքվի և Երևանի բանտերում քաղբանտարկյալների առկայության մասին։
«Այս ակցիայի նպատակն է ԵԱՀԿ ԽՎ 300-ից ավելի պատվիրակներին ներկայացնել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնք գտնվում են կալանավայրերում միայն նրա համար, որ պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ պաշտպանում են անկախ Արցախի գաղափարի իրավունքը, որ միևնույն ժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտերում գտնվում են մեր Արցախի եղբայրները՝ Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները, գեներալները, փառապանծ մարդիկ, որոնք այսօր գերեվարման մեջ են, և այս ամենն իրականացվում է ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում է ակցիային։
ԵԱՀԿ այն կառույցն է, որը միջնորդ է եղել, ԵԱՀԿ համանախագահությունն է որոշել բանակցությունները, և այսօր այն մարդիկ, որոնց հետ բանակցել է ԵԱՀԿ-ն, գտնվում են Բաքվի բանտերում, ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
«Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ում հետ միջնորդները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի համանախագահները, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, ԵԱՀԿ նախագահողները գալիս, Ստեփանակերտում հանդիպում էին, հիմա ի՞նչ՝ ընդունում են, որ իրենք հանդիպել են «տեռորիստների», «սեպարատիստների» հե՞տ ․․․ Մենք ուզում ենք, որ համայն աշխարհի ուշադրությունը սևեռվի այս կարևոր փաստի վրա՝ երկու երկվորյակ ընկերները՝ Ալիևն ու Փաշինյանը, սպանում են Արցախի ժողովրդի իրավունքի համար կամքը և միտքը, բայց չի ստացվելու։ Դրա համար մենք այստեղ ենք, որ ցույց տանք, որ և՛ Երևանում, և՛ Բաքվում մեր եղբայրներն ու քույրերը գտնվում են անազատության մեջ»,- հավելեց նա։
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կալանավայրում է, որովհետև մշտապես խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Նիկոլ Փաշինյանի՝ թուրքադրբեջանական ռեժիմին հաճո հակահայկական քայլերի մասին։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15