18/11/2023 19:04
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կանի հնարավորը՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար. Ջոն Ալլելո
Ձեռներեցության չորսշաբաթյա ինտենսիվ ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» խորագրով ծրագրի արդյունքում քսանյոթ արցախցի կարող է աշխատել, ձեռնարկատիրական գործունեություն ծավալել զբոսաշրջության ոլորտում։ Ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Միասնական սոցիալական ծառայության և «Ափգրեյդ Արմենիա» նախաձեռնության համագործակցության արդյունքում։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն լրագրողների հետ զրույցում ասում է՝ մեծ էր ցանկությունը աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց՝ դժվարությունները հաղթահարելու, նոր կյանք սկսելու գործում․
«Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի միջոցների մի մասը հատկացրինք ԼՂ-ից տեղահանված մարդկանց համար զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու նախագծի իրականացման համար»։
Առաքելության տնօրենն ընդգծում է՝ ոլորտը պատահական չի ընտրված. Հայաստանը զբոսաշրջության մեծ ներուժ ունի։
«Գիտակցում ենք՝ որքան շատ դժվարություններ են ստիպված հաղթահարել ԼՂ-ից տեղահանված մարդիկ։ Իհարկե, հրաշալի կլիներ, եթե նրանք իրենց բնակավայրեր վերադառնալու հնարավորություն ունենան, բայց քանի դեռ այստեղ են, մենք ամեն ինչ անելու ենք աջակցելու իրենց՝ այստեղ հաջողելու համար։ Մասնակիցների հետ զրույցներում համոզվել եմ՝ որքան տոկուն, ստեղծարար, խիզախ մարդիկ են։ Վստահ եմ, որ առաջիկայում լսելու ենք մասնակիցների նվաճումների մասին»։
Մասնագիտությամբ հաշվապահ Անուշն ասում է՝ երբեք չէր պատկերացնի, որ մի օր զբոսաշրջության ոլորտում կմասնագիտանա, չորսշաբաթյա ծրագրի ավարտին ունի վստահություն, որ ստացած գիտելիքները կբավարարեն ոլորտում աշխատանք գտնելու համար։
ԼՂ Տարածքային կառավարման նախարարությունում աշխատած Աշխեն Ադամյանն ասում է՝ կարևորը մեկ օր շուտ աշխատանք գտնելն է, վստահեցնում է՝ անգամ պատրաստ է հրաժարվել աջակցության ծրագրերից, միայն թե աշխատանք ունենա։ Ոգևորությամբ է մասնակցել ձեռներեցության չորսշաբաթյա ինտենսիվ ծրագրին՝ հուսալով, որ նոր գիտելիքները կօգնեն աշխատանք գտնելու հարցում։
Ծրագրի մասնակիցներից Գայանե Հարությունյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետարանում վերջին աշխատանքային օրը սեպտեմբերի 19-նն էր, Երևան գալուն պես փորձել է աշխատանք գտնել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Գայանեն, տեղեկանալով ձեռներեցության ծրագրի մասին, որոշել է մասնակցել ՝ ծրագիրը համարելով լավ հնարավորություն՝ նոր փորձառություն ձեռք բերելու, աշխատանք գտնելու հարցում։
«Եթե անգամ չհաջողվի հենց վաղը զբոսաշրջության ոլորտում աշխատանք գտնել, միևնույն է՝ ծրագիրը ստացված էր, որովհետև կյանքի դժվարին փուլում ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել առաջնային շոկը»,- ասում է Գայանե Հարությունյանը։
ԱՄՆ միջազգային զարգացման հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոյի հավաստմամբ՝ ՄԶԳ-ն շարունակելու է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։