18/11/2023 20:14
«Առաջին բանը, որ պետք է անենք, հնարավորություններ ու լուծումներ գտնելն է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ «Արցախը՝ Բաքվի, Երևանի և միջազգային հանրության խոսույթում» քննարկմանը (Տեսանյութ)
Արցախի ապագայի վերաբերյալ պատրաստ լուծումներ այս պահին ոչ ոք չունի։ Առաջին բանը, որ պետք է անել, էմոցիաները մի կողմ դնելով՝ հնարավորություններ ու լուծումներ գտնելն է՝ ինչ կարելի է անել, որտեղ կան հնարավորություններ և որտեղ՝ այլ սպառնալիքներ, «Արցախը՝ Բաքվի, Երևանի և միջազգային հանրության խոսույթում» բաց քննարկման ժամանակ նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Մենք տեսնում ենք, որ կորուստների քաղաքականությունը շարունակվում է, և որևէ մեկը չի թաքցնում, որ այլ նպատակներ էլ կան՝ նաև Հայաստանի հետ կապված։ Դա միայն Սյունիքին չի վերաբերում, միայն Գեղարքունիքին չի վերաբերում․ Սյունիքի, Գեղարքունիքը և Վայոց ձորը որպես ֆիզիկական կորստի վտանգ է դիտարկվում, բայց խոսքը վերաբերում է նաև նրան, թե ինչ երկիր պետք է լինի Հայաստանը»,- նշեց քաղաքագետը։
Այնուհանդերձ, ըստ նրա, Արցախի հիմնախնդիրը եղել և շարունակում է մնալ աշխարհաքաղաքական լուրջ վերափոխումների գործընթացում գտնվող Հարավային Կովկասի քաղաքական օրակարգի ամենակարևոր բաղկացուցիչը ։
«Եթե վերադառնանք Արցախի հետ կապված արտաքին խաղացողների խոսույթին, խնդիրը հետևյալն է․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ամբողջ Եվրոպան 25 տարի շարունակ ասել են, որ ուժի սպառնալիք, ուժ կիրառում չի կարող լինել․ ժողովուրդների ինքնորոշման իրավունք պետք է լինի։ 44-օրյա պատերազմը ուժի կիրառում էր, և հիմա այդ ուժային կենտրոնները լուրջ խնդրի առջև են կանգնած։ Եթե այդքան տարի ինչ-որ սկզբունքներ են պաշտպանել, և ինչ-որ Ալիև այդ սկզբունքների վրա թքած է ունեցել ու հարցը իր ձևով լուծել է, այդ երկրները չեն կարող ցանկացած այլ հակամարտության գոտում որպես երաշխավոր հանդես գալ, քանի որ միշտ հիշեցնելու են, որ իրենց մշակած սկզբունքները, ըստ էության, ոտնահարվել են»,- նկատեց քաղաքագետը։
Անդրադառնալով հայկական իրականությունում տիրող տրամադրություններին՝ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ մինչ այս պահը ապագա անելիքի որևէ տեսլական չի ձևավորվել․
«Մենք հստակ չենք դրել այդ հարցը՝ պե՞տք է արդյոք արցախահայությունը վերադառնա, թե՞ պետք չէ, կամ ի՞նչ պայմաններով վերադառնա․ թեկուզ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելու պայմաններում գնան՝ ի՞նչ անեն», -ասաց նա՝ հավելելով՝ եթե շարունակենք ապրել որպես օրակարգ չունեցող ժողովուրդ, նույնիսկ ամենատարրական հարցերում վերջնական լուծումներ չունեցող ժողովուրդ, կորուստները կշարունակվեն։