19/11/2023 17:42
Հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը․ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար
Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհեմ Յունիլլայի գլխավորությամբ:
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում․ տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Աննա Մկրտչյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափման, էթնիկ զտման խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հնչեցնել իր սպառնալիքները: Միջազգային կառույցի իր գործընկերներին դիմելով՝ պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ եղած մոտեցումներն անհրաժեշտ է խստացնել, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաեւ պատասխանատվություն կրի դրա համար:
Ըստ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավարի՝ պետք չէ բավարարվել սոսկ հայտարարություններով, քանզի նման հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը: Նա շեշտել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: «Պետք է միջազգային հանրությունը միջազգային պարտավորությունների, մասնավորապես, մարդասիրական իրավունքի շրջանակում ապահովի մեր քաղաքացիների կյանքի եւ ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասել է Աննա Մկրտչյանը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք: Կողմերը կարեւորել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի միջեւ կապերի խորացումն ու ընդլայնումը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են այս պահին Սյունիքում տիրող իրավիճակի մասին:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17