19/11/2023 16:02
Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Նոյեմբերի 19-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։ Որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարային ուղղություններ Արարատ Միրզոյանը մատնանշել է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները՝ կարևորելով նաև ներդրումների խրախուսման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում տնտեսական զարգացումը ենթադրում է կայուն և անվտանգ միջավայր և հենց այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։ Երկուստեք ողջունվել է համանման ծրագրերով խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսլականը։
Հանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:
ՀՀ ԱԳ նախարարը բահրեյնցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն հեշտացնում նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին։
Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ, առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Ադրբեջանի կողմից ամուր հանձնառության արտահայտման անհրաժեշտությունը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17