20/11/2023 21:47
Տինիտուս․ Ականջներում աղմուկի առաջացման պատճառները
Տինիտուսը առողջական խնդիր է, երբ ականջներում հայտնվում են զնգոց կամ այլ ձայներ:
Աղմուկը չի առաջանում արտաքին ձայնից, և այլ մարդիկ սովորաբար չեն կարողանում լսել այն: Տինիտուսը տարածված խնդիր է, հանդիպում է մարդկանց 15%-ից 20%-ի մոտ:
Աղմուկը կարող է լինել թույլ կամ ուժեղ և կարող է հայտնվել ինչպես մեկ, այնպես էլ երկու ականջներում: Տինիտուսը հաճախ ունի ժամանակավոր բնույթ: Սակայն երբեմն ակաջներում աղմուկը կարող է կայունանալ և դառնալ մշտական՝ խանգարելով լսողությանը և ուշադրության կենտրոնացմանը՝ հատկապես բացարձակ լռության պայմաններում:
Տինիտուսը սովորաբար առաջանում է որևէ հիմնական հիվանդության պատճառով, ինչպիսիք են տարիքի հետ կապված լսողության կորուստը, ականջի վնասվածքը կամ արյան շրջանառության համակարգի հետ կապված խնդիրները: Շատ մարդկանց մոտ տինիտուսը բարելավվում է պատճառային հիվանդության կամ վիճակի բուժման կամ այլ բուժումների միջոցով, որոնք նվազեցնում կամ քողարկում են աղմուկը, ինչի շնորհիվ տինիտուսը դառնում է ավելի քիչ նկատելի և նվազ անհանգստացնող:
Ականջում աղմուկն առավել հաճախ նկարագրվում է որպես ականջներում զնգոց, նույնիսկ երբ որևէ արտաքին ձայն չկա:
Այն կարող է առաջացնել ականջներում այլ տեսակի ֆանտոմային ձայներ, այդ թվում՝
բզզոց,
դժժոց,
սուլոց,
սվվոց,
ֆշշոց,
կտտոց,
շխկոց:
Ականջներում աղմուկ ունեցող մարդկանց մեծամասնությունն ունի սուբյեկտիվ տինիտուս, որը կարող է լսել միայն ինքը: Սա ամենահաճախ հանդիպող տեսակն է: Ականջներում աղմուկը կարող է լինել տարբեր բարձրության՝ սկսած ցածր բզզոցից մինչև բարձր ճռռոց: Որոշ դեպքերում ձայնը կարող է այնքան բարձր լինել, որ խանգարի կենտրոնանալուն կամ արտաքին ձայն լսելու կարողությանը: Աղմուկը կարող է մշտապես առկա լինել կամ կարող է սկսվել և անհետանալ:
Հազվադեպ, ականջի աղմուկը կարող է առաջանալ որպես ռիթմիկ պուլսացիա կամ սվվացող ձայն, հաճախ՝ սրտի կծկումների (անոթազարկի) հետ միաժամանակ: Սա կոչվում է պուլսացվող տինիտուս: Եթե ունեք պուլսացվող տինիտուս, բժիշկը կարող է լսել այդ ձայնը ֆիզիկական քննության՝ բուժզննման ժամանակ:
Այցելեք բժշկին, եթե՝
տինիտուս է զարգացել վերին շնչուղիների վարակից հետո, ինչպիսին է մրսածությունը, և աղմուկը մեկ շաբաթվա ընթացքում չի վերանում:
ուղեկցվում է լսողության կորստով կամ գլխապտույտով,
հանգեցնում է անհանգստության կամ դեպրեսիայի:
Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ տինիտուս, սակայն հետևյալ գործոնները կարող են մեծացնել ռիսկը․
Բարձր աղմուկի ազդեցություն. բարձր ձայները, ինչպիսիք են ծանր տեխնիկայի, սղոցի և հրազենի ձայները, աղմուկի հետ կապված լսողության կորստի տարածված պատճառներ են: Առանձնահատուկ ռիսկի տակ են մարդիկ, ովքեր աշխատում են աղմկոտ միջավայրում՝ գործարանների և շինարարության աշխատողները, երաժիշտները և զինվորները:
Տարիք. տարիքի հետ ականջներում գործող նյարդային մանրաթելերի թիվը նվազում է, ինչը հնարավոր է՝ առաջացնի լսողության խնդիրներ, որոնք հաճախ կապված են ականջներում աղմուկի հետ:
Սեռ. տղամարդիկ ավելի հավանական է, որ բախվեն տինիտուսի խնդրի հետ:
Ծխախոտի և ալկոհոլի օգտագործում. ծխողների մոտ տինիտուսի առաջացման ավելի բարձր ռիսկ կա: Ալկոհոլի օգտագործումը նույնպես մեծացնում է ականջներում աղմուկի ռիսկը:
Որոշակի առողջական խնդիրներ. գիրությունը, սրտանոթային խնդիրները, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և արթրիտի կամ գլխի վնասվածքի պատմությունը մեծացնում են ականջներում աղմուկի ռիսկը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ