20/11/2023 18:36
«Հայաստանից սպասում ենք «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին․ որքան շուտ ստանանք, այնքան լավ կլինի»․ Ալիև
Մենք Հայաստանից սպասում ենք «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ մեր առաջարկների ու մեկնաբանությունների պատասխանին, Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ, սակայն սեպտեմբերի 11-ից սկսած, արդեն ավելի քան երկու ամիս է՝ սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Ուզում ենք իմանալ նրանց կարծիքը մեր մեկնաբանությունների վերաբերյալ, բայց պատասխան այդպես էլ չենք ստացել»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, թե դրա պատճառն այն է, որ Հայաստանը, ի դեմս Ֆրանսիայի, «վատ խորհրդատուներ» ունի։
Ալիևը փորձել է նաև վստահեցնել, թե իրենք նոր պատերազմ սկսելու մտադրություն չունեն, փոխարենը «Հայաստանն ունի նոր պատերազմի ցանկանություն»։
«Մեզ ոչ մի պատերազմ էլ պետք չէ։ Իսկ Ֆրանսիայի կառավարության սխալ ուղերձները Հայաստանի ղեկավարության, քաղաքական, գուցե նաև հասարակական դաշտում իլյուզիաներ են ստեղծում, որ իրենք կրկին կարող են «ռազմական ագրեսիա սկսել» Ադրբեջանի դեմ»,- ասել է Ալիևը՝ պնդելով, թե Ֆրանսիայի տրամադրած զենքը Հայաստանին չի օգնի, եթե Հայաստանը որոշի «նոր պատերազմ սկսել»։
«Մի՞թե Ֆրանսիան նրանց օգնեց 3 տարի առաջ։ Ոչ։ Օգնե՞ց երկու ամիս առաջ։ Ոչ։ Ի՞նչ կարող են նրանք անել այստեղ․ ոչինչ։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, որքան շուտ մենք ստանանք Հայաստանի պատասխանը մեր մեկնաբանություններին, այնքան լավ կլինի»,- սպառնացել է Ադրբեջանի նախագահը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17