20/11/2023 13:40
Ավելի քան 850 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետի բացմանը. Կցորդ
Ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ-ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Այս պահին դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 700 բեռնատար, իսկ հակառակ ուղղությամբ` 150 բեռնատար», - ասել է նա։
Վահան Հակոբյանը տեղեկացրել է, որ Խաչի լեռնանցքի հատվածում ձնահոսքի վտանգը վերանալուն պես վրացական կողմը կսկսի մաքրման աշխատանքները, և եթե կրկին տեղումներ չլինեն, ճանապարհը հնարավոր կլինի բացել:
Նշենք, որ ռազմավարական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երեկվանից։ Պատճառը եղանակի վատթարացումն է։