20/11/2023 13:44
Քայլելիս պիտի միշտ հետ նայես, բռնես ինչ-որ մեկի ձեռքը, ու քեզնից առաջ քայլողն էլ պիտի քեզ օգնի, պիտի բռնի մյուս ձեռքդ. Փոխգնդապետ Վիգեն Ասրյան
Պաշտպանության նախարարությունը փոխգնդապետ Վիգեն Ասրյանի հետ է զրուցել, որի 16 տարեկան որդին արդեն զինվորական դառնալու մասին է խոսում։
«Ես ուրախ եմ, որ 16 տարեկան որդիս արդեն զինվորական դառնալու մասին է խոսում: Սա նշանակում է, որ նա ուզում է հետևել իմ օրինակին: Շատ պարտավորեցնող է այն գիտակցումը, որ քեզ հետևողներ կան` լինի տանը, ծառայավայրում, թե հասարակության մեջ:
Պիտի անկեղծ լինեմ. ես մեծ ջանասիրությամբ եմ պատրաստվել ատեստավորման քննություններին, որովհետև ուզում էի լավ օրինակ լինել իմ անձնակազմի համար:
Ինչ վերաբերում է զինվորական կոլեկտիվին, նրա հաջողության առաջին պայմանը, իմ կարծիքով, փոխադարձ հարգանքի մթնոլորտն է, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս կարևորել բոլորի աշխատանքը, պատասխանատվություն կրել մեկը մյուսի առաջ ու գործել միասին:
Ես այն կարծիքին եմ, որ բոլոր մեծ ձեռքբերումների հիմքում միասնական ու համագործակցված աշխատանքն է: Քայլելիս պիտի միշտ հետ նայես, բռնես ինչ-որ մեկի ձեռքը, օգնես հասնելու քեզ: Ու քեզնից առաջ քայլողն էլ պիտի քեզ օգնի, պիտի բռնի մյուս ձեռքդ: Սա ուժի բանաձևն է: Սրանից է ծնվում քո ուժը, բանակիդ ուժը, երկրիդ ուժը»,- նշել է Ասրյանը։