20/11/2023 13:31
Թուրքական բեռնատար նավն անձնակազմի 12 անդամներով խորտակվել է փոթորկի հետևանքով
Թուրքական Kafkametler բեռնատար նավն անձնակազմի 12 անդամներով խորտակվել է Թուրքիայի հյուսիսի Զոնգուլդաքի նահանգի ափերի մոտ՝ Էրեղլի նավահանգստի ալեհատին բախվելուց հետո: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայային։
«Անձնակազմի 12 անդամների՝ Թուրքիայի քաղաքացիների հետ կապ դեռևս չի հաստատվել։ Առափնյա պահպանության ծառայությունը, ռազմածովային ուժերը, Արտակարգ իրավիճակների վարչությունը և մյուս ծառայությունները գտնվում են սպասման մեջ։ Հենց եղանակային պայմանները բարելավվեն, կսկսվեն որոնողափրկարարական աշխատանքները», - հայտարարել է նախարարը՝ X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում։
Բեռնատար նավը Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ նավահանգստից ուղևորվում էր Թուրքիա` Իզմիրի Ալիագա նավահանգիստ։
Եռլիկայան նաև հայտնել է Կամերունի դրոշի ներքո նավարկող Pallada նավի հետ կապված միջադեպի մասին․ նոյեմբերի 19-ի ցերեկը Էրեղլի նավահանգստի մերձակայքում այն խրվել է ծանծաղուտի մեջ։ Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Կամերունի մեկ այլ նավի՝ Sormonsky 45-ի հետ: Երկու նավերի անձնակազմերի 25 անդամները հաջողությամբ տարհանվել են առափնյա պահպանության ծառայության կողմից:
Էրեղլիի մոտ նոյեմբերի 19-ին ծանծաղուտն է խրվել ևս մեկ բեռնատար նավ, որը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո։ Այնուհետև փոթորիկը նավը բաժանել է երկու մասի։ Անձնակազմի 13 անդամները տարհանվել են ափ, տուժածներ չկան։