21/11/2023 16:18
Եթե Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման պարագայում կնքվի պայմանագիրը, կլինի ոչ թե խաղաղության, այլ ՀՀ տապալման կամ նոր կորուստների պայմանագիր. Աբրահամյան
2021 թվականի նախընտրական շրջանում իշխանությունն օգտագործում էր «խաղաղության դարաշրջան» անվանումը, դրանից հետո եկավ «հայ-ադրբաջանական խաղաղության պայմանագիրը», հիմա էլ՝ «Խաղաղության խաչմերուկը»․ անվանումները բրենդավորվում, փոփոխության են ենթարկվում, բայց իրավիճակը դրանից չի փոփոխվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս երեք տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում հայկական շահերի տրորմանը, որը մեզ բերում է մարդկային և տարածքային կորուստների։ Նա նաև ավելացրեց, որ այդ գաղափարախոսության ներդրման պահից իրավիճակը ոչ մի կերպ չի փոփոխվել։
«Նիկոլ Փաշինյանը գնացել և ստորագրել է եռակողմ փաստաթուղթ և հիմա եկել ու ասում է՝ գիտեք, ես դրա հետ որևէ կապ չունեմ։ Դրանք մեզ համար հետագայում խնդիրներ են առաջացնում։ Դրա համար իշխանությունները չպետք է գնան փաստաթուղթ ստորագրեն, հետագայում դրանից հրաժարվեն։ Ցանկացած իրավիճակում դա իր քաղաքական հետևանքներն է ունենալու», - նշեց պատգամավորը։
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ-ում իշխանափոխության պարագայում հրաժարվել ստորագրած փաստաթղթերից՝ Աբրահամյանը պատասխանեց.«Կան իրադարձություններ, որոնցից հրաժարվել մենք չենք կարող։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հաձնված, օկուպացված է, բնականաբար, դու չես կարող ասել, որ իշխանափոխություն է եղել, և մենք չենք ընդունում դա։ Այլ բան է, որ ՀՀ-ում իշխանափոխության պարագայում հնարավորություն է բացվում եղած իրողությունները շրջել դեպի քեզ և փորձել հնարավորինս առավելագույնս ներկայացնել ՀՀ շահերը տարբեր տեղերում»։
Նրա խոսքով, եթե Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման պարագայում կնքվի պայմանագիրը, դա կլինի ոչ թե խաղաղության, այլ ՀՀ տապալման կամ նոր կորուստների պայմանագիր։