21/11/2023 15:54
Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը դրական զարգացում է. Արարատ Միրզոյան
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը՝ հաշվի առնելով առկա բարեկամական ու արժեքահեն կապերը և ի աջակցություն Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարական ուղու:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին: