21/11/2023 11:29
Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի. Փաստաբան
Փաստաբանական խումբը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը որակում է որպես դատական համակարգի «լակմուսե թուղթ»։
«Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա ասաց, որ սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կա, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան ծանրակշիռ նոր հանգամանքներ։
«Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, ներկայացնում որոշումը, դատարանն էլ որոշում է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը», - նշեց փաստաբանը։
Փաստաբանական խումբը բողոքարկել է այս որոշումը, որը մակագրվել է այն դատավորին, որն ասել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ։
«Հիմա, եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ», - ընդգծեց փաստաբան Պողոսյանը։