21/11/2023 14:42
Ամերիկյան ատոմային նախագծի ձախողում. Ամերիկան Հայաստանին առաջարկում է ատոմային բլոկեր, որոնք չի կարողանում կառուցել իր մոտ
NuScale Power ատոմային ընկերությունը հայտարարել է Այդահոյում իր տեսակի մեջ առաջին ատոմակայան կառուցելու պլաններից՝ 462 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 6 բլոկներից բաղկացած VOYGR-6 նախագծից հրաժարվելու մասին: Փոքր մոդուլային էլեկտրակայանի այս նախագիծն ուսումնասիրվում է Հայաստանի կառավարական հանձնաժողովի կողմից՝ որպես նոր ատոմակայանի կառուցման հնարավոր տարբերակներից մեկը։
Միջուկային էներգետիկայի որոշ կողմնակիցներին դուր է գալիս փոքր մոդուլային ռեակտորների գաղափարը, որոնք կարող են կառուցվել ստանդարտացված տեխնոլոգիաների կիրառմամբ: Դա ենթադրաբար կդարձնի դրանց կառուցումն ավելի էժան և զգալիորեն կարագացնի շինարարությունը:
Սակայն NuScale-ի վերջին անհաջողությունը՝ անցյալ շաբաթ հայտարարված հիմնական նախագծի չեղարկումը, հակասում է այդ ենթադրություններին: Ծրագրի դժվարությունները, որոնց հետ ամերիկյան ընկերությունը երկար տարիներ հույսեր էր կապում, հայտնի դարձան դեռևս 2022 թվականին, երբ շինարարության արժեքը հանկարծակի բարձրացավ 9,3 միլիարդ դոլարի՝ մեկ տարի առաջ գնահատված 5,3 միլիարդ դոլարից: Զգալի աճ է գրանցվել նաև կայանից էլեկտրաէներգիայի ակնկալվող արժեքի հետ կապված, որը սկզբնական ծրագրված 58 դոլարից հասել է 89 դոլարի մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։ Փորձագետները ենթադրում են, որ ինքնարժեքը կարող էր ավելի բարձր լինել՝ մինչև 120 դոլար մեկ ՄՎտ/ժ-ի համար, սակայն դրանից հաջողվել է խուսափել գնաճը նվազեցնելու մասին ԱՄՆ-ում ընդունված օրենքի շնորհիվ:
2023 թվականի հունվարին NuScale-ը ստացել է ռեակտորի նախագծի հաստատումը ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի կողմից։ Սակայն, լիցենզավորման գործընթացն ավարտվել է անվտանգության մասով մի շարք էական վերապահումներով, որոնք հետաձգվել են մինչև շինարարության լիցենզիայի ստացման փուլը։ Ավելին, լիցենզիան ստացվել է 50 ՄՎտ հզորությամբ ռեակտորի համար, սակայն ընկերությունը մտադիր է կառուցել 77 ՄՎտ հզորությամբ ռեակտոր, որը կպահանջի կարգավորողի կողմից նախագծի վերանայման կրկնակի, թեկուզ և կրճատված գործընթացը։
Կարելի է նաև նկատել բազմաթիվ փոփոխություններ նախագծում, որը նույնիսկ չի հասել շինարարական փուլին և չի էլ հասնի: Փոխվել է նաև ռեակտորի մոդուլների թիվը. 2021 թվականի հուլիսին ընկերությունը հայտարարեց, որ նախագիծը ի սկզբանե հայտարարված 12-ից կնվազեցնի մինչև 6 մոդուլ՝ 462 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Մեկ մոդուլի հզորությունը նույնպես փոխվել է՝ 60 ՄՎտ-ից դառնալով 77 ՄՎտ։ Նույնիսկ առաջին NuScale մոդուլի մեկնարկի սկզբնական ամսաթիվը սպասվում էր 2026 թվականին, սակայն հետագայում հետաձգվեց մինչև 2029 թվականը:
Հայաստանի համար ամերիկացիների առաջարկած երկրորդ տարբերակը՝ BWRX-300 բլոկն է, որը լիցենզավորման փուլում է, իսկ նման տեխնոլոգիայի վրա հիմնված առաջին կայանը, լավագույն դեպքում, կկառուցվի 2030 թվականից հետո։ Չնայած BWRX-300-ն օգտագործում է ESBWR ջրի եռացող ռեակտորի նախագծման և լիցենզավորման բազան, որը նախագծման վկայական է ստացել ԱՄՆ-ում 2014 թվականին, փոքր ռեակտորի դիզայնը դեռ չի վավերացվել ոչ Կանադայում, ոչ էլ Միացյալ Նահանգներում: Բացի այդ, տեխնոլոգիայի NRC-ի վերանայման արդյունքների հիման վրա GEH-ն արդեն քննարկում է նախագծում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Առևտրային ցուցանիշների վերաբերյալ GEH-ը չի հրապարակում ծրագրի գնահատված արժեքը: Որոշ տեղեկությունների համաձայն, BWRX-300 ռեակտորներով ատոմակայանի կառուցման նախագծային արժեքը կարող է կրկնապատիկ լինել նպատակայինից։
Փորձելով բավարարել նոր էներգետիկ լուծումների գլոբալ պահանջարկը, վաճառողներն ամբողջ աշխարհում մշակում են ռեակտորների իրենց նախագծերը՝ փնտրելով ծախսերի, նախագծման, լիցենզավորման և շինարարության գործընթացները օպտիմալացնելու մեթոդներ: Այնուամենայնիվ, նախագծերի մեծ մասը (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) կամ լիցենզավորման վաղ փուլում են, որտեղ վաճառողները շարունակում են փոփոխություններ կատարել ռեակտորի նախագծման մեջ, կամ հայեցակարգային նախագծման փուլում և պահանջում են զգալի ֆինանսավորում՝ հետագա փուլերի իրականացման համար:
Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, արտասահմանյան վաճառողներն ակտիվ մարքեթինգային արշավներ են անցկացնում՝ խթանելու իրենց դիզայնը տարածաշրջաններում, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում փոքր լուծումների նկատմամբ, և միջազգային հարթակներում: Այս նախագծերում շեշտը դրվում է անվտանգության, վառելիքի նոր տեսակների օգտագործման և ռեակտորի կայանի ստորգետնյա տեղակայման վրա։ Այնուամենայնիվ, նման լուծումների առավելությունները, դրանց կատարումն ու հուսալիությունը, կայանների նշված արժեքը և շինարարության ժամանակը, և նույնիսկ նախագծերի կենսունակությունը մինչև իրականացման մեկնարկը, ինչպես ցույց տվեց NuScale-ի դեպքը, զուտ դեկլարատիվ բնույթ ունեն և պահանջում են գործնական ապացույցներ:
Չնայած 18 երկրներում ՓՀԱԷԿ-ի 80-ից ավելի նախագծերի զարգացմանը և դրա վրա ծախսված ավելի քան 100 միլիարդ դոլարի, վերոհիշյալ ռեակտորներից ոչ մեկն առ այսօր չի հասել կոմերցիոն օգտագործման փուլ: Փոքր հզորության միակ ատոմակայանը, որը սպառողներին տալիս է ջերմային և էլեկտրական էներգիա՝ ռուսական «Ակադեմիկ Լոմոնոսով» լողացող ատոմակայանն է ։ Առանձին հարկ է նշել, որ լողացող էներգաբլոկը մշակվել է ատոմային սառցահատների սերիական էներգետիկ կայանքի հիման վրա, որը փորձարկվել է Արկտիկայում տասնամյակների գործողության ընթացքում:
Հայաստանի պատասխանատու գերատեսչություններն իրենց հրապարակումներում և զեկույցներում մշտապես շեշտել են, որ ռեֆերենտությունը (այսինքն՝ կառուցված և գործող ատոմակայանի տեխնոլոգիայի հաստատումը) պարտադիր չափանիշ է տեխնոլոգիան ընտրելիս, և թվում է, թե փոքր մոդուլային ռեակտորի մշակման գործում NuScale-ի ձախողումից հետո, ԱԷԿ-ի նոր բլոկ ընտրելիս արժե նորից կարևորել ռեֆերենտությունը: